Առաջնագիծը վերափոխվում է՝ հաստատում է ՊՆ խոսնակը, իսկ ԵԿՄ անդամը տոներից առաջ խոսում է մտահոգիչ երևույթի մասին
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ապրիլյան պատերազմից հետո և ՀՀ ու ԼՂՀ անկախության 25-ամյակի նախաշեմին, հակիրճ ամփոփելով արված աշխատանքները, Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ առաջնագիծն ամբողջովին վերափոխվում է:
«Մեծածավալ աշխատանքներ են կատարվում: Ոչ միայն առաջնագիծն է վերափոխվում, այլ ԶՈՒ-ի գործունեությունը, կազմակերպումը ևս՝ ինչպես պլանային, այնպես էլ արտապլանային լուրջ փոփոխության է ենթարկվում»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը:
ԵԿՄ վարչության անդամ Վարդան Դևրիկյանը, ով բոլորովին վերջերս է եկել Արցախից, վերահաստատեց. նկատելի աշխատանքներ արվել են:
«Թե պաշտպանական դիրքերի համար ինչ է արվում, Նիկոլ Փաշինյանն այնքան սպառիչ էր գրել իր «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» հոդվածում, որ դրան ավելացնելու ոչինչ չկա: Ճիշտ է իմ ու Նիկոլի ըմբռնումների մեջ սարերի ու ձորերի տարբերություն կա, բայց միշտ էլ խորը վերլուծություն նրա մոտ եմ տեսել»,- ասաց Դևրիկյանը։
Վերջինիս խոսքով՝ այսօր մտահոգիչն այլ երևույթ է, որին այդքան էլ ուշադրություն չենք դարձնում:
«ՀՀ-ի և ԼՂՀ-ի անկախության քառորդ դարի և ԼՂՀ-ի անկախության 25-ամյակը դիմավորում ենք անհիմն հուսալքությամբ: Ամբողջ անհեթեթությունն այն է, որ այդ հուսալքությունը ոչ մի հիմք չունի: Անկհայտորեն շատ բան կա, որ պետք է ասվի, ներկայացվի, մինչդեռ ասպարեզը մնացել է փողոցի խուժանին, տարբեր թափթփուկներին: Ես զարմանում եմ այդ երևույթի վրա»,- ասաց նա:
Արցախյան պատերազմի ազատամարտիկ Դևրիկյանը նշեց, որ Արցախում ևս, ցավոք, զգացել է, որ այդ մեղադրանքներն անվստահության որոշակի տեղ են բացում:
« Զինվորը կարող է մտածի, թե Երևանում գտնում են, որ մեր ժողովրդի հույսն իրենք չեն: Էժան քաղաքական դիվիդենտների համար նման մոտեցումը շատ վտանգավոր է: Նման անհեթեթությանը պետք է պատասխան տրվի և ներկայացվի, որ մեր երկիրը պատրաստ է ցանկացած ագրեսիայի պատասխանել»,- ասաց Դևրիկյանը՝ հավելելով, որ թերությունները կոնկրետ մատնանշմամբ պետք է վերացնել, ոչ թե գլոբալ վարկաբեկմամբ:
«Հարցերը պետք է ուղիղ դնել»,-ասաց նա: