Ամերիկացի լեռնագնացն առանց պաշտպանիչ պարանների հաղթահարել է 762 մետր բարձրությամբ ժայռի գագաթը (տեսանյութ)
Ամերիկացի ժայռագնաց Ալեքս Հոննալդը, ով հայտնի է որպես կարգապահության վարպետ և միայնակ լեռնագնաց, սովորաբար առանց պաշտպանիչ պարանների և սարքերի օգնության հաղթահարում է ուղղահայաց ժայռերի բարձրությունը. մի բան, որ չի հաջողվում լեռնագնացների մեծամասնությանը։ Այստեղ մեկ սխալն անգամ կարող է հանգեցնել մահվան:
Ինչպես ներկայացնում է Business insider-ը, մեզանից շատերն առանց ապահովագրության կխիզախեն հաղթահարել գուցե 30 մ բարձրություն, բայց ոչ 762 մետր բարձրություն ունեցող մեքսիկական El Sendero Luminoso («Լուսավոր ուղի») կոչվող ուղղահայաց ժայռը, ինչը 30-ամյա Հոննալդն արել է 2014-ին:
Մարդկանց շրջանում այնպիսի կարծիք է տարածվել, որ նա ընդհանրապես վախի զգացողություն չունի: Սակայն խիզախ լեռնագնացը խոստովանել է, որ ինքն ունենում է վախի զգացողություն, սակայն յուրաքանչյուր բարդություն հաղթահարելուց առաջ հաշվարկում է իր ուժերը, սահմանում այն կետը, որը կարող է հաղթահարել և նախատեսում ցանկացած բան, որ կարող է պատահել:
Հոննալդին անգամ առաջարկել են ուղեղի սկանավորում անցնել՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ, ինչին նա համաձայնել է:
Հարավային Կարոլինայի կենտրոններից մեկի բժիշկները սկանավորման արդյունքում պարզել են, որ նրա ուղեղի հետ ամեն ինչ կարգին է, և նրա մոտ չկան հորմոնալ կամ այլ տեսակի շեղումներ, որոնց հետևանքով նա կարող էր կորցնել վախի զգացողությունը: