Երևանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել` ԱՄՆ-ի պահանջով
Երևանի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել` ԱՄՆ-ի հայցով, հայտնել է «Լայֆ» պարբերականը` իրավապահ մարմիններին հղումով:
Հրապարակման մեջ նշված է ձերբակալվածի անունը` Սերգեյ Միրոնով, հաղորդվում է, որ նա ՏՏ ոլորտի մասնագետ է:
Աղբյուրը նշում է, որ ամերիկյան իշխանությունները նրան նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել` զենք վաճառելու կասկածանքով: Հաղորդվում է նաև, որ Միրոնովի կինը ձերբակալության մասին հայտնել է ՌԴ դեսպանատուն: ՌԴ դիվանագիտական առաքելությունում հայտնել են, որ ստուգում են տեղեկությունը:
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է ձերբակալվածի փաստաբան Կարեն Ներսիսյանը: Նրա խոսքով, Միրոնովին մեղադրանք է ներկայացվել 50.000 դոլար գումարի լվացման և տեխնոլոգիաների փոխանցման համար: Սակայն նա չի ունեցել ռազմական տեխնիկայի հասանելիություն, այլ աշխատել է ռուս-բելառուսական ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնում՝ որպես ղեկավար, հայտնել է փաստաբանը:
Ներսիսյանը հայտնել է, որ Միրոնովը Հայաստանում հանգստանալիս է եղել: ԱՄՆ-ում նա եղել է ընդամենը մեկ անգամ` 2013-ին, այնտեղ նա մեկ շաբաթ գործուղման է եղել:
Այժմ նա գտնվում է մեկուսարանում: Դատարանը կորոշի նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցը, դա կլինի, հավանաբար, երկուշաբթի, փոխանցում է РИА Новости-ն: