Apple-ի նոր սերնդի iPhone-ներն անջրանցիկ կլինեն. ԶԼՄ-ներ
Համացանցում շքեղ դասի ապրանքներ վաճառող Goldgenie ընկերությունը նոր տվյալներ է հրապարակել Apple-ի երկար սպասված iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների մասին:
Ինչպես ներկայացնում է phonearena.com-ը` իր նոր արտադրանքները ամերիկյան տեխնոլոգիական հսկան, ամենայն հավանականությամբ, կներկայացնի սեպտեմբերի 7-ին, որից երկու օր հետո հնարավոր կլինի պատվերներ ընդունել: Նորագույն սմարթֆոնները կթողարկվեն սեպտեմբերի 23-ին:
Ըստ Goldgenie ընկերության տվյալների` iPhone 7-ը ներկայանալու է 4.7 դյույմ էկրանով` 1334×750 պիքսել կետայնությամբ, Apple A10 պրոցեսորով, 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 16-128 ԳԲ ֆլեշ-կուտակիչով: Հիմնական տեսախցիկն ունենալու է 12 Մպ, իսկ դիմացինը` 5 Մպ հզորություն: iPhone 7-ի հաստությունը կազմելու է 7.1 մմ:
iPhone 7 Plus մոդելը ներկայանալու է 5.5 դյույմ անկյունագծով` 1920×1080 պիքսել կետայնությամբ, 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 32-256 ԳԲ ֆլեշ-կուտակիչով: Հիմնական տեսախցիկն ունենալու է 12 Մպ, սակայն այն երկակի տեսախցիկ է: Իսկ անջրանցիկ iPhone 7 Plus-ի հաստությունը կազմելու է 6.1 մմ: