Վատցկե. Մխիթարյանից հիասթափվեցի Գերմանիայի գավաթի եզրափակչից հետո
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մանրամասնորեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին։
«Մարզիչը շատ էր ցանկանում, որ Հենրիխը մնա։ Սակայն ամեն ինչը չէ, որ որոշում է «Բորուսիան»։ Բոլորս վստահ էինք, որ Մխիթարյանը մնալու է։ Այդպիսի վստահություն ձեռք էինք բերել նրա հետ բանակցությունների ընթացքում։
Նա վատ տղա չէ։ Մխիթարյանը չի ստել այդ բառի դասական իմաստով։ Սակայն կան իրավիճակներ, երբ տարբեր մարդիկ տարբեր ձեւով են մեկնաբանում ասված խոսքը։ Մեր զրույցներից միշտ հետեւություն ենք արել, որ Հենրիխը ցանկանում է մնալ «Բորուսիայում»։ Այն, որ նրան ստիպել է այլ ակումբ տեղափոխվել չար գործակալը, հեքիաթ է։ Մինո Ռայոլան իրականում մի քիչ տարօրինակ մարդ է։ Սակայն նա ամեն ինչ անում է, որպեսզի կատարի ֆուտբոլիստի ցանկությունը, իսկ Հենրիխն ամեն գնով ցանկանում էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Մյուս կողմից նրա համար ստացանք այնպիսի գումար, որը չէինք սպասում։ Ընդունելի էի համարում 25 մլն եվրոն։ Սակայն վերջում շատ ավելի լավ առաջարկ ստացանք. ընտրություն չունեինք։
Մխիթարյանից հիասթափվեցի, երբ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում նա չմոտեցավ իրացնելու 11 մետրանոց հարված։ Թիմի առաջատարները պետք է ամեն ինչում առաջին շարքերում լինեն։ Սակայն հիասթափված չեմ, որ նա հեռացել է»,- ասել է Վատցկեն Der Westen-ին տված հարցազրույցում։