Հակոբ Հակոբյանը պատրաստ է հեռուստաբանավեճի Կարեն Գրիգորյանի կամ Մանվել Գրիգորյանի հետ
Tert.am-ի խմբագրություն է զանգահարել Էջմիածնից ընտրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանի հեռուստաբանավեճի առաջարկին:
«Եթե նման ցանկություն կա, ես պատրաստ եմ հեռուտաբանավեճի ցանկացած տեղ, բայց ես ուզում եմ Կարեն կամ Մանվել Գրիգորյանների հետ բանավեճի նստեմ, ոչ Վարդան Վարդանյանի: Մանվել Գրիգորյանը, եթե բան ունի խոսալու, պատրաստ եմ խոսել: Ես մենակ եմ շրջում Էջմիածնում, իսկ Մանվել Գրիգորյանը 10 մեքենայով ա շրջում: Եթե ուզում ա հանդիպենք, ցանկացած տեղ պատրաստ եմ հանդիպել»,-ասաց նախկին պատգամավորը:
Նշենք, որ այսօր տարածած հայտարարության մեջ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետն առաջարկ է արել նախկին պատգամավորին. «Եթե կասկածներ կան, թե մեզանից ով է ավելի լավ տիրապետում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, որ մեկս է առավել լավ պատկերացնում մեր իրավունքներն ու պարտականությունները, պատրաստ եմ ցանկացած ձեւաչափով բանավեճի: Կարող ենք հանդիպել որեւէ մամուլի ակումբում, կարող ենք հանդիպել Ձեր նախընտրած հեռուստաընկերության ուղիղ եթերում, կարող եք ինքներդ այլընտրանքային տարբերակ առաջարկել»,-գրել էր Վարդանյանը:
Երեկ Tert.am-ի հետ զրույցում Էջմիածնից ընտրված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, որ Էջմիածնի քաղաքապետարանը ստանձնել է կոնկրետ թեկնածուի պաշտպանությունը և լծվել է նրան սատարելու գործին, ինչն արդեն իսկ օրենքի ու Սահմանադրության խախտում է:
«Վարդան Վարդանյանը էսօր կրկին անգամ քարոզչություն է արել՝ առանց հասկանալու, քննադատել է Հրաչիկ Աբգարյանին, ով սատարում է մյուս թեկնածուին»,- Tert.am–ի հետ զրույցում այսօր ասաց Հակոբ Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանը նաև ասաց, որ պնդում է իր բացասական կարծիքը Էջմիածնի քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի աշխատանքի հետ կապված: «Կարող եք գալ, նկարել քաղաքում տեղեր, որտեղ ոչ մի վերանորոգում, ներդրում չի արվել: Քաղաքի մշակույթի տունը 1940 թվականից հետո չի վերանորոգվել»: