«Սիրիական ազատ բանակ»-ի ղեկավարը Reuters-ին հայտնել է խմբավորման նոր թիրախների մասին
«Սիրիական ազատ բանակ»-ի (գործում է Սիրիայի իշխանության դեմ) ղեկավարը Reuters-ի թղթակցի հետ զրուցել է խմբավորման նոր թիրախների մասին:
Գնդապետ Օսմանը հայտարարել է, որ իրենց նոր թիրախը լինելու է սիրիական Մարե քաղաքը և որ այս պահին Մարեի ճանապարհին ընկած տասնյակ գյուղեր գտնվում են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ձեռքում:
Օսմանը հայտարարել է, որ նրանց բուն նպատակը քրդական խմբավորումների ոչնչացումը չէ, սակայն եթե իրենց նպատակի իրականացման համար զգացվի դրա անհրաժեշտությունը, «չեն հապաղի նաև այդ գործում»:
«Մենք աջակցելու ենք Թուրքիային՝ թուրք-սիրիական սահմանն ԻՊ-ի ահաբեկիչներից մաքրելու գործում: Ներկա պահին մեր նպատակն է հասնել Մարե, այժմ գտնվում ենք Մարեից 70 կմ դեպի արևելք: Մեր նշանակետը քրդական խմբավորումները չեն, սակայն եթե պետք լինի՝ նրանց էլ կմաքրենք մեր ճանապարհից: Շարժվում ենք դեպի Մանբիջ, որը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ձեռքում է, նրանց թվում է նաև քրդական YPG-ն», - ասել է Օսմանը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: