Vogue-ին քննադատել են պարալիմպիկ մարզիկներին ծաղրանմանակելու համար (լուսանկարներ)
Համացանցի օգտատերերը Vogue ամսագրի բրազիլական մասնաճյուղին խիստ քննադատության են ենթարկել պարալիմպիկ մարզիկներին ծաղրանմանակելու համար, հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է, որ հաջակցություն առաջիկա Պարալիմպիկ խաղերի` բրազիլական Vogue-ը թողարկել է «Մենք բոլորս պարալիմպիկ մարզիկներ ենք» արշավը՝ տեղացի մարզիկներ Բրունա Ալեքսանդրի ու Ռենատո Լեյտեի մասնակցությամբ: Սակայն սպասված պարալիմպիկ մարզիկների փոխարեն արշավի դեմքեր են դարձել պրոֆեսիոնալ մոդելներ Կլեո Պիրեսն ու Պաուլո Վիլյենան, որոնց լուսանկարները խմբագրվել են «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով:
«Այնտեղ սահմանափակ կարողություններով մարդկանց պակաս չկա: Նրանցից յուրաքանչյուրը կարող էր այդ արշավի դեմք դառնալ և հասարակությանը ցույց տալ, որ նրանք նույնքան տարածության ու լուսաբանման են արժանի, որքան և մեզանից յուրաքանչյուրը»,- հայտնել է Նատալիա Բելիզարիոն ֆեմինիստական Lado M կայքում:
«Ոչ, մենք ոչ բոլորս ենք պարալիմպիկ մարզիկներ: Հասկանում ենք, թե ինչպիսին է իրականությունը սահմանափակ կարողություններով մարդկանց համար»,- լուսանկարները մեկնաբանել է Instagram-ի օգտատերերից մեկը:
Բրազիլական Vogue-ի ստեղծագործական տնօրեն Քլեյթոն Քարնյերոյի խոսքով` իրենք ռիսկային արշավը սկսել են Պարալիմպիկ խաղերի հանդեպ ուշադրություն հրավիրելու նպատակով, քանի որ «համարյա ոչ ոք տոմսեր չէր գնում»: