«Բազեում» այսօր մեկնարկել են «Բազե-ֆիլմ» և «Բազե-հումոր» մրցույթները
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում շարունակվում են մարզական և մշակութային մրցույթները։ Այսօր տեղի են ունեցել բազկամարտի միջճակատային մրցումները, մեկնարկել են «Բազե-ֆիլմ», «Բազե-հումոր» մրցույթները։
Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հավաքի կարմիր ճակատի ղեկավար Ալեքսան Հովհաննիսյանն ընդգծել է, որ «Բազեն» երիտասարդությանը տալիս է գիտելիքներ, շփումներ, պայքարի ոգի։
Ըստ կարմիր ճակատի ղեկավարի՝ այն մթնոլորտը, որ ստեղծվում է հավաքի օրերին ու փոխանցվում մասնակիցներին, հետագայում մեծ դեր կարող է ունենալ երիտասարդների համար։ Նա նաև ասել է, որ հավաքի բոլոր օրերը շատ հագեցած ու թեժ են անցնում, սակայն բոլորը մեծ հաճույք են ստանում այդ զբաղվածությունից և կատարված աշխատանքից։
Կապույտ ճակատի ղեկավար Արմեն Սարգսյանը նկատել է, որ մեծ փորձառություն են ստանում հավաքում։ Կապույտ ճակատում ունեն թե՜ հաղթանակներ, թե՜ պարտություններ, և համախմբված շարունակում են իրենց պայքարը։ Նա նշել է, որ «Բազեում» ամենամեծ ձեռքբերումն ընկերներն են։
Նարնջագույն ճակատի ղեկավար Ռաֆֆի Քարամյանն էլ կարծիք է հայտնել, որ «Բազեն» համախմբող միջոցառում է։ Նա նշել է, որ 2007 թվականից սկսած, երբ ընդունվել է բուհ, մեծ ցանկություն է ունեցել մասնակցել հավաքին։ 2011-ին արդեն ընդգրկված է եղել հավաքում՝ որպես մասնակից, այս տարի արդեն՝ որպես ճակատի ղեկավար։ Նա նկատել է, որ, որպես ճակատի ղեկավար, շատ ավելի դժվար ու պատասխանատու է, պետք է հետևել ճակատի 135 անդամներին։ Իսկ մրցույթներում հաղթանակի գրավականը, Ռաֆֆի Քարամյանի կարծիքով, համախմբված թիմն է։
Հիշեցնենք, որ «Բազե» հավաքի կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է։ Այս օրերին Ծաղկաձորում շուրջ 500 երիտասարդներ ուժերն են չափում տարբեր ոլորտներում՝ հավաքի հաղթող ճանաչվելու համար։