Թել Ավիվն իրեն շների համար աշխարհի «ամենաբարեկամական» քաղաք է հռչակել
Իսրայելի Թել Ավիվ քաղաքն իրեն հռչակել է շների համար աշխարհի «ամենաբարեկամական» քաղաք`հաշվի առնելով շների ու բնակչության թվաքանակի հարաբերակցությունը և շների կենսամակարդակը, հաղորդում է РИА Новости-ն:
Նշվում է, որ քաղաքապետարանը Թել Ավիվում բնակվող չորքոտանիների լավ ինքնազգացողությունը հաստատող վիճակագրության հրապարակումը համադրել է երկրում առաջին անգամ անցկացվող «շների օրվա» հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թել Ավիվում բնակվող 25 հազար շան համար 70 խաղահրապարակ կա: Քաղաքում հատուկ լողափեր կան, որտեղ մարդիկ կարող են լողալ իրենց շների հետ: Փողոցների ցայտաղբյուրներն այնպես են կառուցված, որ դրանցից կարող են օգտվել նաև շները: Կենդանիների հետ զբոսնելու համար նախատեսված վայրերում տեղադրված են անվճար տոպրակներով արկղեր, որոնք օգտագործում են շների արտաթորանքը հավաքելու համար:
Կայքը գրում է, որ Թել Ավիվի առաջին «շան օրն» անց է կացվել Յարկոն գետի երկայնքով գտնվող խոշորագույն այգում, որտեղ կենդանիներն իրենց տերերի հետ անցել են կարմիր գորգի վրայով, իսկ բազմաթիվ կրպակներ առաջարկել են շների համար նախատեսված զանազան ապրանքներ: