Քենիացի մարզիկները ստիպված են եղել գիշերել Ռիոյում, քանի որ նրանց համար էժան տոմսեր էին գնվել
Քենիացի մարզիկներն ստիպված են եղել գիշերն անցկացնել Ռիո դե Ժանեյրոյում` կրակոցների ձայների ներքո, քանի որ երկրի օլիմպիական կոմիտեն նրանց համար էժանագին տոմսեր էր գնել:
Ինչպես տեղեկացնում Meduza գործակալությունը` Քենիայի հավաքականի ավագը` վազորդ Ուեսլի Կորիրը, թվիթերյան իր էջում հրապարակել է կացարանի լուսանկարները, որը վարձել են մարզիկների համար: Նրանք ստիպված են եղել գիշերել այնտեղ, քանի որ օլիմպիական գյուղը փակվել է, իսկ իրենց մոտ օգոստոսի 25-ի տոմսեր են եղել:
Կորիրի խոսքով` մարզիկներին խորհուրդ են տվել շենքից դուրս չգալ օրվա մութ ժամերին: Իսկ գիշերը նրանք կրակոցների ձայներ են լսել:
Ռիոյի Օլիմպիադային Քենիայի մարզիկները 6 ոսկե, 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ են շահել: Սա լավագույն ցուցանիշն է աֆրիկյան երկրների կազմում: