Զահա Հադիդի` Մայամիում կառուցվող նոր ֆուտուրիստական երկնաքերը կներկայանա անծայրածիր լողավազանով և ուղղաթիռի հրապարակով. ֆոտոշարք
Այս տարվա մարտին կյանքից հեռացած աշխարհահռչակ ճարտարապետ Զահա Հադիդը արժեքավոր ճարտարապետական ժառանգություն է թողել:
Պրիտցկերյան մրցանակակիր ճարտարապետուհին հայտնի էր նեո-ֆուտուրիստական ոճի աշխատանքներով, որոնք առանձնանում են «լողացող» կորագծերով ու երկրաչափական ձևերով: Նրա նախագծած կառույցներից ոմանք դեռևս կառուցման փուլում են գտնվում, որոնցից մեկը ներկայացրել է Business Insider-ը:
Խոսքը «Հազար թանգարան» (One Thousand Museum) անվանումն ստացած շենքի մասին է, որը ներկա պահին կառուցվում է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում: Շքեղության մարմնավորում երկնաքերը պատրաստ կլինի 2018-ի վերջերին: Կառույցի ամենաթանկարժեք հատվածները կվաճառվեն 50 մլն դոլարով:
Կառույցի առանձնահատուկ հարմարություններից են անծայրածիր լողավազանը, մարզասրահը, դեպի Մայամի բացվող անզուգական տեսարանները և քաղաքի առաջին մասնավոր ուղղաթիռային հրապարակը:
213 մետր բարձրություն ունեցող շենքն ամենաբարձրահարկներից մեկը կլինի Մայամիում: Առաջին 7 հարկերում կտեղակայվեն ռեստորաններ, միջոցառումների համար նախատեսված սրահներ, ֆիթնես կենտրոններ և ավտոտնակ:
Վերելակները կտանեն դեպի երկնաքերի մասնավոր բնակելի հատված, որը կզբաղեցնի 62 հարկ:
Պենտհաուսներից որոշները անձնական ներքին բակ կունենան: Եվս մեկ լողավազան տեղակայված կլինի 7-րդ հարկում:
Եթե բնակիչներից որևէ մեկը ուղղաթիռ ունենա, կկարողանա իր ուղղաթիռով վայրէջք կատարել հենց երկնաքերի մասնավոր հրապարակում: