Արայիկ Խանդոյանը չի հանի թեկնածությունը Ծաղկահովիտում. նրա կալանքի գործով վճիռը կհրապարակվի առավոտյան
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, սակայն վճիռը կհրապարակվի վաղն առավոտյան:
«Արայիկ Խանդոյանը դատարանում հայտարարեց, որ կալանքի հիմնավորումը պատվեր է, և ինքն ակնկալիք չունի, որ արդար դատավարություն կիրականացվի: Նա ասաց՝ ժողովուրդն է իմ դատավորը, թող ժողովուրդն ինձ դատի»,- պատմեց փաստաբանը:
Արա Ղարագյոզյանի խոսքով՝ ՀՔԾ քննիչը դատարանում ասել է, որ Խանդոյանին ազատելու հիմքեր չկան, նա պետք է կալանքի տակ մնա:
«Ինքը թուրքից չի փախել, քրեական գործի՞ց պիտի փախչի»,- հակադարձել է Խանդոյանի փաստաբանը: Ըստ նրա՝ պաշտպանական կողմը արդարադատության ակնկալիքներ առանձնապես չունի և սպասում է Հայաստանի ատյանները սպառելուն, որ դիմի Եվրադատարան:
Հարցին, թե Արայիկ Խանդոյանը հանելո՞ւ է թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններում, ինչպես նրան հորդորել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, փաստաբանը բացասական պատասխան տվեց. «Արայիկ Խանդոյանը չի հանելու թեկնածությունը, քանի որ գյուղացիներն են ուզում, որ նա գյուղապետ լինի»: