«Ողջ հանրությունը հասկանում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը». Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը պաշտպան Լուսինե Սահակյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, գրել է. «Մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հուլիսյան ապստամբության ժամանակ Հայաստանը քրեական ռեժիմից ազատելու պայքարի նժարին դրեցին իրենց կյանքն, առողջությունը և ազատությունը:
Արժանապատիվ գոյության արժանի է այն ժողովուրդը, որը պատրաստ է զոհաբերությունների հանուն ազատության և արդարության: Հուլիսի 30-ի հանրահավաքն ունեցավ մեծ քաղաքական նշանակություն, որն ազդեց հետագա իրադարձությունների վրա:
Վարչախումբը պարտվեց, սակայն ժողովուրդը չկարողացավ ամրագրել իր հաղթանակը: Զգացվեց մեր երիտասարդության նախաձեռնողականության պակասը: Ողջ հանրությունը հասկանում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Եկել է ժամանակը համախմբվելու հանուն մեր երկրի արժանապատիվ ապագայի»:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց ձերբակալման պահից հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը: