Հռոմի պապն ընդհատել է ելույթը` Իտալիայի երկրաշարժի զոհերի հիշատակին աղոթելու համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց առջև ընդհատել է իր ելույթը, որպեսզի նրանց հետ միասին աղոթի Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի համար. փոխանցում է Reuters գործակալությունը:
Նա հայտարարել է, որ վշտացած է աղետի պատճառով և կոչ արել բոլորին աղոթել իր հետ միասին:
«Լսել եմ, որ Ամատրիչեի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքն այլևս գոյություն չունի, ինչպես նաև այն, որ տուժածների թվում կան երեխաներ: Ես խորապես վշտացած եմ»,- ասել է պոնտիֆիկոսը:
Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ հետաձգել է իր ամենշաբաթյա ուղերձը մինչև հաջորդ շաբաթ:
Նշենք, որ առավել շատ երկրաշարժից տուժել են Ամատրիչե, Ակումոլի, Պոստա և Արկուտա դել Տրոնտո քաղաքները: Հաղորդվում է առնվազն 73 զոհի մասին: