ԻՊ-ի գրոհայինները սիրիական Ջարաբլուսից նահանջում են Հալեպի կողմ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները լքում են Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքը, որը երկու տարի շարունակ գտնվում էր իրենց վերահսկողության տակ և որտեղ թուրքական բանակն առավոտյան հրթիռակոծություն էր սկսել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մեջբերելով թուրքական NTV հեռուստաալիքի տվյալները, թուրքական բանակը չորեքշաբթի առավոտյան սկսել է Ջարաբլուսի ազատագրման գործողությունները` միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ: Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել ԻՊ-ի գրոհայինների ուղղությամբ: Ռմբակոծություն է իրականացվում նաև տանկերից և հրետանուց:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սիրիական ընդդիմադիր ազատ բանակի զինյալները շրջափակել են քաղաքի ծայրամասերը: Գործողությունների ընթացքում 4 գյուղ է ազատագրվել իսլամիստներից:
Հեռուստաալիքի տվյալներով`սիրիական ազատ բանակի ուժերը շարժվում են դեպի Ջարաբլուսի կենտրոն, իսկ ահաբեկիչները նահանջում են դեպի Էլ-Բաբ քաղաք, որը գտնվում է Ջարաբլուսից Հալեպ տանող ճանապարհին: