Դեռ հայտնի չէ, թե որտեղ կկրի իր պատիժը Վալերի Պերմյակովը. Արդարադատության նախարարություն
Օգոստոսի 23-ին Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, համաձայն որի` Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:
ՀՀ օրենսդրությամբ դատավճռում պատժի կրման վայրի մասին նշում կատարելու պարտավորություն չկա և դատավճռում նշում չկար Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի մասին:
Այս առնչությամբ Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն հետևյալ հարցով.որտեղ է կրելու պատիժը Վալերի Պերմյակովը Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, թե՞ Ռուսաստանի Դաշնությունում:
ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանել է հարցմանը, որում ասվում է.
«Վ. Պերմյակովի նկատմամբ կայացված դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ և, հետևաբար, դեռևս ենթակա չէ կատարման:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել, իսկ նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննիչ բողոք բերելու ժամկետը մեկ ամիս է:
Եթե կալանքի տակ գտնվող և ազատազրկման դատապարտված անձը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրով կամ այդպիսի օգնություն ցույց տալու համար փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա դատարանն այդ անձի նկատմամբ դատական որոշումն ի կատար ածելու որոշման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաև այդ անձի քաղաքացիության պետությանը։
Հարկ է նշել նաև, որ օտարերկրյա քաղաքացիների պատժի կատարման առնչությամբ առկա են նաև ՀՀ միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է միջազգային պայմանագրերով:
ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագիրը պարունակում է ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ կապված կարգավորումներ, ինչպես նաև առկա են մի շարք բազմակողմ պայմանագրեր, որոնց շրջանակներում էլ պետք է լուծվի ազատազրկվածի պատիժը կրելու հարցը»: