Գրող Թրումեն Կապոտեի աճյունն աճուրդի կհանվի
Ամերիկացի գրող և դրամատուրգ Թրումեն Կապոտեի աճյունն աճուրդի կհանվի։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ լոտի նախնական արժեքը կազմում է 2 հազար դոլար:
Julien's աճուրդի տան ղեկավար Դարեն Ջուլիենը համոզմունք է հայտնել, որ Կապոտեի աճյունի վաճառքը կարող է դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք:
«Բայց բանն այն է, որ Թրումեն Կապոտեն սիրում էր ցնցել: Նա պաշտում էր հրապարակայնությունը: Համոզված եմ` նա նայում է մեզ վերևից, ծիծաղում և մտածում, որ ինքն էլ այդպես կաներ»,- ասել է Ջուլիենը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գրողի աճյունը պատկանում էր նրա ընկերուհի Ջոան Կառսոնին, որի տանը նա մահացել է 1984 թվականին: Կառսոնը մահացել է 2015 թվականին ու ժառանգներ չի թողել: Այժմ նրա ամբողջ ունեցվածքը հանվել է աճուրդի, որն անց է կացվելու սեպտեմբերի 23-ին: