Ուժերս սպառվել էին, դրա համար դժվարացա եզրափակչում վարժությունս կատարել. Ռիոյից վերադարձած հայ մարզիկ
Դաստակի ցավն ու լարվածությունը ինձ չեն խանգարել, որ կատարեմ վարժությունս:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցած մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, ով նժույգի վրա վարժության եզրափակչում ստացավ 14.933 միավոր ու զբաղեցրեց 7-րդ տեղը:
«Միշտ էլ վնասվածքներ լինում են: Ամբողջ կյանքում էլ վնասվածքներ ունենում են: Ամեն օր պարապմունքի ժամանակ մի խնդիր լինում է՝ մեջքի ցավեր կամ… Ինձ թվում է, որ խնդիրը հիվանդությունն էր: Առաջին մի քանի օրը հիվանդ է, գումարած դրան գերհոգնածությունը, թե չէ հոգեբանորեն ու ֆիզիկապես պատրաստ էի: Ուժերս սպառվել էին, դրա համար դժվարացա եզրափակչում վարժությունս կատարել»,- ասաց Հարություն Մերդինյանը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նա նշեց, որ սպորտից հեռանալու մտադրություն չունի, շարունակելու է մարզվել ու ընթացքում նաև հանգստանալու է: