Մենք գնացել էինք մեդալի համար. Հակոբ Սերոբյանն իրեն մեղավոր է համարում Օլիմպիական խաղերում չհաղթելու համար (տեսանյութ)
Մեր մարզիկները պատրաստ էին մասնակցելու Օլիմպիական խաղերին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռիոյում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից վերադարձած Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
«Քաղաքը նույն ժամային գոտում էր, ադապտացվել էինք, նորմալ գնացել, մեկնել էինք: Ես տեսել եմ տղաներին միայն գլխավոր պարապմունքի ժամանակ և մրցումներին, որովհետև մրցավար էի, ինձ չէր թույլատրվում նրանց տեսնել»,- նշեց Սերոբյանը:
Մարզիչն ասաց, որ խաղերը նորմալ հունով էին ընթանում, միայն մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն էր, որ մրսածություն ուներ, ինչն իր համար զարմանալի էր: Ամեն դեպքում, Հակոբ Սերոբյանի խոսքով, առաջին օրը մարզիկը լավ կատարեց վարժությունը, բարձր գնահատական ստացավ:
«Պլանավորել էինք, որ ավելի բարդ վարժություն կատարեր, բայց Հարութը դաստակի խնդիր ուներ, չէր կարող անել վարժությունը, որովհետև ընկնելու հավանականությունը մեծ էր: Դրա համար որոշեցինք նույն վարժությունն անել մաքրության վրա, որ գնահատական ստանանք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է մարզիկ Արթուր Դավթյանին, ապա մարզիչն ասաց, որ առաջին ցատկը նա լավ է կատարել՝ ստիպելով իրեն ծափահարել:
«Ես վեր թռա՝ ծափ տվեցի, չնայած չէր կարելի, որովհետև մրցավար էի: Իսկ երկրորդ ցատկը շատ բարձրացավ, բայց սպորտային բախտն էր՝ ընկավ»,- ասաց Սերոբյանը:
Ըստ նրա, եթե Արթուր Դավթյանը ընկնելուն զուգահեռ գրավել է 11-րդ տեղը, դա լավ արդյունք է:
Մարզիչը չթաքցրեց, որ սխալներ եղել են:
«Ինչ-որ բան սխալ արեցինք: Պետք է ման գանք, գտնենք, թե ինչն էր սխալը: Լարված էր, գիշերները չեմ կարողացել քնել, պարզ է, որ օլիմպիական խաղերն էին, պետք է լարված լիներ: Մենք գնացել էինք մեդալի համար, չէինք գնացել հենց այնպես մասնակցելու համար: Օլիմպիական չեմպիոն չէինք կարող, բայց երրորդ տեղի համար պայքարել կարող էինք: Եթե մեկը մեղավորություն ունի՝ առաջինը ես եմ… Ես պետք է ման գամ, թե որն էր սխալը, ման ենք գալիս, դեռ չենք գտնում, ժամանակի ընթացքում կգտնենք»,- մանրամասնեց Սերոբյանը: