«Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են Էրեբունի ԲԿ-ի բժիշկների հայտարարությանը
«Դատապարտյալների հիվանդանոցի մոտ են հավաքվել մի քանի տասնյակ մարդիկ: Նրանք շարունակում են պահանջել պատշաճ բուժօգնություն տրամադրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին:
Հիշեցնենք, որ երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամների առողջական վիճակով մտահոգ նրանց հարազատները, ինչպես նաև նրանց սատարող մի խումբ քաղաքացիներ Մարդու իրավունքների գրասենյակում ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվել էին դեպի Արդարադատության նախարարություն, ապա Դատապարտյալների հիվանդանոց:
Ցույցի մասնակիցները տեղեկացել էին, որ այսօր էրեբունի հիվանդանոցից երկու բժիշկ են գալու ստուգելու Սասնա ծռերի անդամներին, մասնավորապես՝ Հովհաննես Հարությունյանին և որոշելու բուժման ընթացքը: Հավաքվածները սպասում են, թե երբ վիրաբուժները կհետազոտեն հիվանդներին և կասեն, թե հետագա բուժումը ինչպես են պատկերացնում իրականացնել:
Նշենք, որ Էրեբունի ԲԿ-ի բժիշկների կողմից սահմանված շուրջօրյա խնամքը դադարեցվել է: