Գերմանիայի կառավարությունը հաստատել է քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը
Գերմանիայի դաշնային կառավարությունը չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 24-ին, հաստատել է սառը պատերազմի ավարտից ի վեր քաղաքացիական պաշտպանության առաջին հայեցակարգը, որը մշակել է Ներքին գործերի նախարարությունը, հայտնում է Deutsche Welle-ն:
Նոր դրույթները ներկայացրել են ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը և բնակչության պաշտպանության և աղետների ժամանակ օգնության տրամադրման դաշնային գերատեսչության ղեկավար Քրիստոֆ Ունգերը:
Փաստաթղթում թվարկվում են բնակչության պաշտպանության հիմնական քայլերը զինված հարձակման, ահաբեկչությունների, կիբեռհարձակումների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում: Կետերից մեկում Գերմանիայի բնակիչներին խորհուրդ է տրվում ստեղծել սեփական պաշարները, որպեսզի ճգնաժամային իրավիճակում նրանք կարողանան ժամանակավորապես իրենց ապահովել ամենաանհրաժեշտ ապրանքներով:
Գերմանացիներին, մասնավորապես, առաջարկում են պահել հինգ օրվա խմելու ջրի պաշարներ՝ մեկ մարդու համար օրական երկու լիտր ջրի հաշվարկով:
Ներկայացված հայեցակարգը վեճեր է առաջացրել գերմանացի քաղաքական գործիչների շրջանում: Այն քննադատել են ընդդիմադիր կուսակցությունները: Նրանց կարծիքով՝ զանգվածաբար ապրանքներ գնելու կոչերը կարող են խուճապ առաջացնել բնակչության շրջանում: