Ադրբեջանում հանրաքվեի են դրվելու սահմանադրական ուշագրավ փոփոխություններ. մանրամասնում է ադրբեջանագետը (տեսանյութ)
Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին հանրաքվեի դրվելիք Սահմանադրական փոփոխություններով ավելի ուժեղանալու է նախագահի ինստիտուտը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Նախնական տվյալներով՝ առաջարկվում է ստեղծել հաստիքներ՝ 2 փոխնախագահների համար։ Այսինքն՝ պահպանվում է վարչապետի, վարչապետի տեղակալների ինստիտուտը, բայց ստեղծում են հավելյալ պաշտոններ, որոնցից առաջին փոխնախագահն օժտվելու է անձեռնմխելիությամբ։ Եթե գործող Սահմանադրությամբ նախագահի անգործունակության դեպքում նախագահ դառնում էր վարչապետը, ապա առաջարկվող փոփոխությունների հաստատման դեպքում նախագահ կդառնա առաջին փոխնախագահը։ Ըստ էության, Իլհամ Ալիևը Ադրբեջանում տանում է իշխանության բաժանման՝ չկենտրոնացման քաղաքականություն, և, նոր պաշտոններ ավելացնելով, նա փորձում է ցույց տալ իր բացարձակ իշխանությունը և մրցակից չունենալու հանգամանքը»,- մանրամասնեց ադրբեջանագետը։
Առաջարկվող փոփոխություններից ուշագրավ է նաև այն, որ, ի տարբերություն Ադրբեջանում գործող Սահմանադրության, երբ 35 տարին չլրացած անձինք չեն կարող նախագահի թեկնածու դառնալ, առաջարկվող փոփոխությամբ ընտրության իրավունք ունեցող անձինք կարող են առաջադրվել որպես նախագահի թեկնածու։
«Այդ փոփոխության վերաբերյալ ես տրամաբանական բացատրությունների չեմ հանդիպել, բացի այն, որ դա ուղղված է հորից-որդի իշխանության փոխանցմանը։ Իլհամ Ալիևի միակ որդին հիմա շուրջ 20 տարեկան է, եթե մնա գործող սահմանադրական կարգավորումը, ապա Իլհամ Ալիևը ևս 15 տարի պարտավոր է կառավարել երկիրը անմիջապես որդուն փոխանցելու համար, ինչը, գուցե, իրատեսական չի թվացել նրա համար»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը։
Նշենք նաև, որ առաջարկվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից դարձնել 7 տարի։
Իսկ թե ինչ զարգացումներ են ընթանում այս պահին Ադրբեջանում, և ինչպես են ճնշում սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկողներին՝ դիտեք տեսանյութում։