ԼՂ հակամարտությունը կարող է ազդել ՆԱՏՕ անդամ որոշ պետությունների էներգետիկ անվտանգության վրա. Ռումինիայի նախագահի նախկին խորհրդական
ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարաբերությունները թուրքական հեղաշրջման փորձի հետևանքով չեն տուժել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հակամարտությունների կանխարգելման և վաղ ազդարարման կենտրոնի տնօրեն, Ռումինիայի նախագահի նախկին խորհրդական Յուլիան Կիֆուն՝ հավելելով, որ Թուրքիան հավատարիմ կերպով կատարում է ՆԱՏՕ-ի կողմից դրված բոլոր պարտավորությունները:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը, Յուլիան Կիֆուի խոսքով, այն ինչ-որ չափով մտահոգիչ էր Արևմուտքի համար, բայց ոչ ողբերգական։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասի պետությունների հարաբերություններին, Կիֆուից հետաքրքրվեցինք, թե ինչ դիրքորոշում ունի Ալյանսը տարածաշրջանի երեք պետությունների արտաքին քաղաքական անհամապատասխանության առումով։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի մասին է, որ ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ ներկայացուցիչ, Վրաստանի, որը ձգտում է ԵՄ ու ՆԱՏՕ անդամ դառնալ, ու Ադրբեջանի, որի քաղաքականությունը «ոչ ինտեգրացիոն» է:
Ռումինիայի նախագահի նախկին խորհրդականը պատասխանեց, որ համաձայն չէ միայն հարցի այն հատվածի հետ, որը վերաբերում է Ադրբեջանին: Ըստ նրա՝ պաշտոնական Բաքուն այս պահին ձգտում է Ռուսաստանի հետ մերձեցման:
Բուն հարցի մասին խոսելով՝ Կիֆուն նշեց, որ պետություններն իրենք են որոշում՝ ինչ հարաբերություններ ու ինչպիսի համագործակցություն կունենան Ալյանսի հետ:
«Եթե այս երեք պետությունները մի օր որոշեն անդամակցել ՆԱՏՕ-ին, կատարեն իրենց առջև դրված պարտավորությունները, Ալյանսի անդամ-պետությունները կբավարարեն պահանջը՝ հաշվի առնելով ժողովրդավարության մակարդակը տվյալ երկրներում»,- նշեց նա:
Իսկ հարցին, թե արդյոք Բրյուսելում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտարկո՞ւմ են որպես Ռուսաստանի հետ մրցակցելու հարթակ, փորձագետը պատասխանեց. «Նախ ասեմ, որ հակամարտող կողմերից ոչ մեկը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց կոնֆլիկտը կարող է վնասել ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների էներգետիկ ճանապարհային քարտեզին ու ազդել էներգետիկ անվտանգության վրա: Սա կարող է լրացուցիչ սպառնալիք դառնալ սևծովյան տարածաշրջանում՝ դիպչելով Ալյանսի անդամներ Ռումինիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի հետաքրքրություններին»: