Լավ կլինի, որ Արցախում սահմանադրության հանրաքվեն դեկտեմբերի 10-ին նշանակվի. ԼՂ ԱԺ պատգամավոր
Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն լինելու է արդար ու թափանցիկ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ Ազգային Ժողովի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
«Եթե ժողովրդի բացարձակ մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասաց, ուրեմն առաջնորդվելու ենք հին Սահմանադրությամբ: Իսկ եթե «այո» ասացին, կառաջնորդվենք նոր Սահմանադրությամբ: Ամեն դեպքում, արդար հանրաքվեն մեզ համար կարևոր է. կարևոր է, որ միջազգային դիտորդները արձանագրեն, որ ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեն տեղի է ունեցել ժողովրդավարական սկզբունքներին, ԼՂ ընտրական օրենսգրքին խիստ համապատասխան»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ օրերս ԼՂ-ում հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված հայեցակարգը, որով առաջարկվում է գործող կիսանախագահական համակարգից անցում կատարել նախագահական կառավարման համակարգի:
Արթուր Թովմասյանն ասաց, որ իր համար հանրաքվեի նշանակման օրը դեկտեմբերի 10-ն է, որովհետև աշխարհը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը, իսկ Արցախը՝ անկախության հանրաքվեի, սահմանադրության ընդունման օր:
«Եթե մասնագիտական հանձնաժողովը կարողացավ մինչ այդ ավարտին հասցնել աշխատանքները, լավ կլինի, որ հանրաքվեն դեկտեմբերի 10-ին նշանակվի: Սահմանադրության մեջ գլուխներ կան, որոնք փոփոխության ենթակա չեն, մի քանի գլուխ է, որ փոխվելու են: Աշխարհի բոլոր պետությունների Սահմանադրություններն էլ մարդու իրավունքների, ընտանիքի կամ սոցիալական ապահովության մասով նույնն են, մենք հեծանիվ չենք հորինելու, իսկ մնացած մասերը, կարծում եմ, արագ կավարտեն»,- հավելեց նա: