Արկադի Անդրեասյան. Ի՞նչ իմաստ կա ֆուտբոլիստներ աճեցնել
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Արարատը» 3-րդ պարտությունը կրեց՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջելով «Շիրակին»: Խաղից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը պատասխանեց հարցերին՝ անդրադառնալով նաև թիմի շուրջ պտտվող հակասական ասեկոսեներին.
- Ինչպիսի՞ն ստացվեց հանդիպումը:
- Մենք միավոր չունենք: Այստեղ գալով՝ գիտեինք, որ մրցակիցը լավ պատրաստված է, Եվրոպա լիգա է խաղացել: Պատրաստ էինք: Դժվար խաղ էր, մի քանի սխալներ թույլ տվեցինք: Ընդհանրապես, թիմը նորմալ խաղաց՝ մանավանդ առաջատարի հետ: Խաղից գոհ եմ: Ֆիզիկապես չենք զիջել, ավելին՝ տեղ-տեղ գերազանցել ենք: Մեր խաղացողներին վարպետությունը չի բավականացնում: Շատ ֆուտբոլիստներ նոր են: Խաղը երևի պետք է ոչ-ոքի ավարտվեր: Դե հիմա. ֆուտբոլ է: Կաշխատենք, որ մյուս անգամ ավելի լավ լինի: Ճիշտ ուղու վրա ենք»:
- Կադրային խնդիրներ ունեք. Սերգեյ Ավագիմյանն է բացակայում: Նա նամակ էր գրել, որում ասել էր Ձեզ հետ խնդիրների մասին՝ սպառնալիքներ, արգելանքներ:
- Այսպիսի խաղացողները խանգարում են մեր ֆուտբոլը: Նա կարգապահություն չի պահում, մի ամիս թիմում չէր, բայց աշխատավարձ տվեցին: Ինքն էլ իմիջիայլոց է պահում իրեն, ասում է՝ ոտքն է ցավում, ջերմություն ունի, ամբողջ ուժով չի մարզվում: Այդպիսի ֆուտբոլիստներ մեզ պետք չեն: Իր հանդեպ ոչինչ չունենք, ուղղակի անընդհատ չի մարզվում, թեթև պարապմունքներ է անցկացնում: Զարմանում եմ, թե ինչպես են հավաքական հրավիրել: 2 տարի առաջ իրեն «Գանձասարից» հանել են: Ծանոթացա իր հետ, հանեցինք թիմից: Մենք չենք ուզում փչացնի մեր թիմը. թող ղեկավարությունը որոշի:
Այլ ֆուտբոլիւստներ չկան, որոնցից դժգոհ եմ: Վերջացավ. վերջինը ինքն էր (Սերգեյ Ավագիմյանը,- խմբ.):
- Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը մանկապատանեկան ֆուտբոլին: Վերջերս ասել եք, որ չեք տեսնում ակումբային ֆուտբոլի զարգացման ճանապարհներ:
- Փաստն այն է, որ երեխաները մարզվում են մինչև 17 տարեկան, այնուհետև պետք է գնան բանակ: Ում հավաքական չվերցնեն, պետք է գնա բանակ: Ստացվում է անիմաստ վարձատրել մարզիչներին: Ես, օրինակ, 10-ից 17 տարեկանների մարզիչներին գումար տամ, մարզեն, այնուհետև տանեն բանակ… ո՞ւր է աշխատանքի վերջը:
Ի՞նչ իմաստ կա աճեցնել երեխաներին… 20 հոգի հավաքական են գնալու, մյուսները՝ բանակ:
- Այսինքն չունենա՞լ մանկապատանեկան ֆուտբոլ:
- Այդպես է ստացվում: 6 թիմեր են, հավաքականում 20 խաղացողներ: Մնացած 100 ֆուտբոլիստ ո՞ւր պետք է գնան:
Գոնե ամեն թիմից 4-5 ֆուտբոլիստ բանակ չգնան: Ո՞ր թիմ են գնում երեխաները. Գյումրիում «Շիրակ», Երևանում «Փյունիկ», «Բանանց»: Դեպքեր կան, որ ֆուտբոլիստները մեր թիմից գնում են «Փյունիկ»:
- Ի՞նչն է պատճառը:
- Պատճառն այն է, որ «Փյունիկն» ապահովում է բանակի հարցը: Մենք չենք կարող ապահովել:
Պետք է օրենքը փոխել: