ԼՂՀ-ում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունները որևէ փոփոխություն էլ չեն ենթադրում. Վահան Բադասյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունները որևէ փոփոխություն էլ չեն ենթադրում: Հայեցակարգով առաջարկվող նախագահական մոդելը, ըստ էության, հիմա էլ գործում է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը:
«Արցախում խորհրդարանը նախագահին հակակշռող ուժ չէ, որպես կառույց չկա, գոյություն չունի: Կան պարզապես աշխատավարձ ստացող մարդիկ, ովքեր աշխատում են որպես պատգամավորներ՝ նկատի չունենալով առաձին-առանձին անհատներին, որոնք բոլորն էլ լավ մարդիկ են: Պարզապես կառույցը որպես այդպիսին գոյություն չունի: Դա բյուջեի վրա ծանրացած կույրաղիքի պես բան է: Ղարաբաղում որոշողը փաստացի նախագահն է, ու կառավարման համակարգի փոփոխությունից հետո էլ որոշելու է նախագահը»,- նշեց Բադասյանը:
Նախկին պատգամավորը նկատեց, որ խոսքը ոչ թե Բակո Սահակյանի մասին է որպես անհատի, այլ` նախագահի ինստիտուտի:
«Ոնց ցանկանա, այնպես էլ կանի, կարող է, օրինակ, անտեղյակ մարդուն նշանակել ոլորտի ղեկավար կամ տնտեսական զարգացման մի ծրագիր գրվի, նախագահը մեկ այլ բան անի: Հիմա, երբ Սահմանադրությունը փոխվում է ուժեղ նախագահի, պարզապես ձևակերպվում է միապետականությունը»,- ասաց Վահան Բադասյանը:
Նրա խոսքով` թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում սահմանադրությունը փոխել ու փոխում են անձերի դիրքերի ամրապնդման, ոչ թե երկրի զարգացման համար:
Դիտարկմանը, թե ըստ հայեցակարգի՝ խորհրդարանը հակակշռելու է նախագահին, ավելին` կարողանալու է անվստահություն հայտնել ու հրաժարականը ներկայացնել, Վահան Բադասյանն ասաց, որ Արցախում դա չաշխատող դրույթ է:
«Դա արվում է միապետականության ամրապնդման համար»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ խորհրդարանական համակարգը պատերազմական գոտում գտնվող պետությունների համար անկայուն է, դա՞ է պատճառը, որ ընտրվեց նախագահական համակարգը, որ անվտանգությունն ապահովվի, Վահան Բադասյանը հակադարձեց՝ բերելով Հայաստանի օրինակը:
«Հայաստանը պատերազմի մեջ չի՞, որ խորհրդարանական կառավարման է անցել, ինչի՞ Հայաստանում պետք չի, որ լինի մեկը, ով պատերազմի ժամանակ պատասխանատու կլինի անվտանգության համար: Ոնց ձեռք է տալիս, այդպես են բացատրում: Դրա համար, ես պնդում եմ, որ սա արվում է անձերի իշխանությունը շարունակելու, ոչ թե ժողովրդի շահի համար: Դա արվում է ի շահ նեղ անձնական նպատակների»,- շեշտեց Բադասյանը: