Սարո Գալստյան. Խաղից գոհ ենք, արդյունքից՝ ոչ
ՀՊՏՀ-ի խաղացող Սարո Գալստյանը խոսել է կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի հետ ոչ-ոքիի մասին ՈւԵՖԱ-ի Գավաթի A խմբի մրցաշարի երրորդ տուրում:
«Եթե անդրադառնանք խաղին, ապա այն կարող ենք հաջողված համարել: Սակայն մեր առջեւ նպատակ էինք դրել հաջորդ փուլ դուրս գալը, այդ պատճառով արդյունքից գոհ չենք:
Սա թիմի համար քայլ էր առաջ, քանի որ ՀՊՏՀ-ն մեծ պատմություն չունի: Կարծում եմ, որ նման հանդիպումների անցկացումն օգտակար կլինի թե՛ մեզ համար, թե՛ հայկական ֆուտզալի:
Կարող եմ ասել, որ լավ ֆուտբոլ ենք ցուցադրել. նույնիսկ հաշվի մեջ 2-3 գնդակով զիջելուց չենք դադարել խաղալ: Վնասվածքիս մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դրա լրջությունը պարզ կլինի միայն առաջիկա օրերին բուժզննում անցնելուց հետո»,- ասել է Գալստյանը: