Նախագահական համակարգին անցում կատարելով կապահովենք ԼՂ անվտանգությունը. ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Լեռնային Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումներն իրականացվում են ոչ միայն համակարգային փոփոխությունների, այլև՝ մարդու իրավունքների պաշտպանության, տեղական ինքնակառավարման մարմինների, դատաիրավական համակարգում փոփոխությունների կատարման համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը:
Հարցին, թե ի՞նչ փոխվեց, որ Արցախում որոշվեց անցում կատարել ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգին, ինչի մասին ապրիլյան իրադարձություններից առաջ խոսվում էր, այլ՝ նախագահական, պատգամավորը պատասխանեց, որ պառլամենտական համակարգը ևս տրամաբանություն ունի, բայց ԼՂ համար ավելի նպատակահարմար է նախագահական կառավարումը:
«Հայաստանն ու Արցախը քաղաքական մեկ դաշտում պետք է լինեն: Բայց ապրիլյան պատերազմից հետո շատ բան փոխվեց: Իմ կարծիքով՝ անհրաժեշտ դարձավ նախագահական, ընդ որում՝ ուժեղ, կենտրոնաձիգ նախագահական կառավարումը: Խորհրդարանական կառավարման մոդելը, անշուշտ, ժողովրդավարական է, բայց իշխանությունը պիտի կենտրոնացված լինի, մեկ անձը՝ նախագահը և անվտանգության խորհուրդը պիտի ապահովեն Ղարաբաղի անվտանգությունը, որովհետև սա է մեզ համար թիվ մեկ խնդիրը, իսկ մնացածը ածանցյալ են»,- նշեց Բաղրյանը:
Պատգամավորի խոսքով՝ քանի դեռ ԼՂՀ կարգավիճակի հարցը չի լուծվել, երկրում ուժեղ նախագահական կառավարում է հարկավոր:
Հարցին, թե կիսանախագահական գործող համակարգը ո՞ր հարցերում չէր արդարացնում իրեն, որ նախագահական համակարգին անցում կատարելը լուծելու է այն, Վարդգես Բաղրյանը պատասխանեց. «Մեծանում է խորհրդարանի դերը»:
Ըստ պատգամավորի՝ այնպես չէ, որ առաջարկված մոդելը սուպերնախագահական է, մեկ անձի ձեռքում է, ուստի խորհրդարանը նախագահին հակակշիռ է լինելու:
«ԱԺ դերակատարությունը, հայեցակարգի համաձայն, մեծանում է: Մտայնությունը, որ մեկ հոգու ձեռքում է ամեն ինչ, մի մարդն է լինելու, որ կարող է սխալվել, անտեղի է: ԱՄՆ-ում նախագահական համակարգ է, բայց միայն նախագա՞հն է որոշումներ կայացնում: Իհարկե՝ ոչ: Կա խորհրդարան: Նախագահը վարչապետ է նշանակում գործող Սահմանադրությամբ, բայց կառավարության գործունեությամբ պատասխատու չէ գործադիր մարմնի գործունեության համար»,- նշեց «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարը: