«Դատապարտյալների հիվանդանոց»-ում վաղը նախատեսվում է Պավել Մանուկյանի վիրահատությունը
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը երեկ տեսակցել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող իր պաշտպանյալներ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել և Արամ Մանուկյաններին, Արմեն Լամբարյանին։
Փաստաբանն «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ Արամ Մանուկյանի առողջական վիճակը փոքր-ինչ ավելի բավարար է, քան Պավել Մանուկյանինը և մյուսներինը։
«Բժիշկների օգնությամբ, նա փորձել է հենակների օգնությամբ մեկ-երկու քայլ անել՝ առողջ ոտքով, մյուս ոտքը երևի մոտ չորս ամիս նա չի կարող գետնին դնել, ուղղակի մեկ ոտքով՝ հենակով, իմ տեղեկություններով, փորձել է քայլել», - ասել է պաշտպանը։
Ինեսսա Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ վաղը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նախատեսվում է Պավել Մանուկյանի վիրահատությունը։ «Ես դեմ եմ», - ասաց փաստաբանը՝ պնդելով, որ դատապարտյալների հիվանդանոցում հնարավոր չէ հրազենային ծանր վիրավորում ստացած անձանց հետագա բուժում կազմակերպել։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ Պավել Մանուկյանի վաղվա վիրահատությունը բարդ չէ, և հնարավոր է իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց»-ի վիրահատարանում, որը վերջին տարիներին է նորոգվել։ Ինչ վերաբերում է հետագայում անցկացվելիք վիրահատություններին, ըստ տնօրենի, դրանց դեպքում հնարավոր է նրանց տեղափոխեն բժշկական կենտրոն։