Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի կողմից Անկարային $20 մլն փոխհատուցման վճարման մասին պայմանագիրը
Թուրքիայի ազգային մեծ ժողովը վավերացրել է Իսրայելի կողմից Անկարային «Ազատության տորմիղ»-ի հետ կապված միջադեպի համար փոխհատուցման վճարման մասին պայմանագիրը, գրում է թուրքական Haber 7 թերթը:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը երեկ հայտնել էր, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի նախագիծը ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի հաստատմանը:
Ըստ համաձայնագրի՝ Իսրայելը պարտավորվում է 20 միլիոն դոլար գումար վճարել թուրքական «Ազատության տորմիղ» (Mavi Marmara) նավում սպանված մարդկանց ընտանիքներին: Փոխհատուցումը պետք է արվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրվա ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Իսրայելը համաձայնել է Թուրքիայի առաջադրած բոլոր պայմաններին: Նշենք, որ Թուրքիան և Իսրայելը հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք են բերել 2016-ի հունիսի 28-ին:
Հիշեցնենք, որ 2010թ. Իսրայելի ռազմածովային ուժերը կալանել են «Ազատության տորմիղի» 6 նավերը, որոնք հումանիտար օգնություն էին տանում իսրայելական ուժերի կողմից շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված: Իսրայելի զինուժի գործողությունների հետևանքով թուրքական նավում մահացել է 9 հոգի: Այս միջադեպից հետո պաշտոնական Անկարան դիվանագիտական հարաբերությունները հասցրել էր նվազագույնի և սառեցրել ռազմական և առևտրային ոլորտում կնքված պայմանագրերը: