Պավել Մանուկյանի բողոքի մասին որոշումը Վերաքննիչ դատարանը կհայտարարի վաղը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի մասին որոշումը Վերաքննիչ դատարանը կհայտարարի օգոստոսի 19-ին, ժամը 10:30-ին:
Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը:
«Տեղի ունեցավ Վերաքննիչ բողոքի քննությունը, պաշտպանական կողմը ներկայացրեց իր բողոքը, ելույթ ունեցավ Պավել Մանուկյանը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վաղը ժամը 10:30-ին կհրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Պավել Մանուկյանի մյուս պաշտպանը՝ Հարություն Բաղդասարյանն էլ ասաց, որ դատարանում իր ելույթում Պավել Մանուկյանը հայտարարել է. «Ես «Սասնա ծռերի» Թուր Կեծակին եմ, և Թուր Կեծակին երբեք էլ պատյան չի մտնելու: Մենք բարձրացրել ենք, մենք պետք է կարողանանք հասնել հաղթանակի»:
Ինեսսա Պետրոսյանը նաև հայտնեց, որ եթե Վերաքննիչ դատարանը մերժի իրենց բողոքն ու ազատ չարձակի Պավել Մանուկյանին, ապա իրենք կշարունակեն իրավական ընթացակարգը և կդիմեն Վճռաբեկ դատարան` պաշտպանյալի հետ համաձայնեցնելուց հետո:
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում: