ԵԱՀԿ ՄԽ-ն նոր հանդիպման շուրջ բանակցություններ է վարում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խումբը կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպման կազմակերպման համար։ Այդ մասին երեքշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման նպատակով հաջորդ հանդիպման հարցում իրենց պատրաստակամությունը: Մենք շարունակում ենք աշխատանքը նախագահների միջև հաջորդ հանդիպման կազմակերպման հնարավորություն գտնելու ուղղությամբ և կապ ենք պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ՝ հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկների քննարկման համար»,- հայտարարել է Ուորլիքը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում, հունիսի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են մայիսի 16-ին Վիեննայում: