Բրիտանիայում թուրք նավաստիներին դատել են 128 պարկ կոկաինի մաքսանենգության համար
Շոտլանդական Գլազգո քաղաքի դատարանը երկու թուրք նավաստիների մեղավոր է ճանաչել կոկաինի մեծ քանակություն Եվրոպա մաքսանենգելու պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ 47-ամյա կապիտան Մումին Սահընը և նրա 51-ամյա ավագ օգնական Էմին Օզմենը դատապարտվել են 22 և 20 տարվա ազատազրկման՝ համապատասխանաբար:
Աղբյուրը մանրամասնում է, որ կոկաինով բեռնված նավը հայտնաբերվել է 2015 թվականի ապրիլին` Շոտլանդիայի արևելյան ափին, Աբերդինի մոտ: Թմրանյութը գտնվել է 128 պարկերում ու թաքնված է եղել նավի ներսում: Հայտնաբերված թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 3,2 տոննա: Բրիտանական իշխանությունները հայտնել են, որ դա եղել է Միացյալ Թագավորությունում բռնագրավված թմրանյութերի ամենախոշոր քանակը:
Քննիչների խոսքերով` մոտ 512 միլիոն ֆունտ (664 միլիոն դոլար) արժողությամբ Հարավային Ամերիկայով Բրիտանիա հասած կոկաինը պլանավորվում էր Նիդեռլանդներ ուղարկել: