Նիգերում ջրհեղեղների հետևանքով 14 մարդ է մահացել
Նիգերում ջրհեղեղների հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ, այդ թվում` երեխաներ, ավելի քան 46.000 մարդ կորցրել է իր տունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր հուլիսի վերջին արձանագրված 11 զոհի և տնից զրկված 30.000 մարդու մասին։
«Երկրի մի քանի շրջաններում հեղեղումները հանգեցրել են 14 մահվան, 5 մարդ ստացել է վնասվածքներ, 46.296 մարդ զրկվել է տնից»,- հայտնել են իշխանությունները:
Ամենամեծ կորուստներն ունեցել են Թահուա և Ագադես շրջանները: Այդ նահանգներում սատկել է առնվազն 19.500 ընտանի կենդանի:
Նիգերում երաշտին հաջորդել է անձրևների ամենամյա սեզոնը, որը մեծ վնաս է հասցնում բերքին: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` ջրհեղեղները մինչ տարեվերջ հնարավոր է անդրադառնան մինչև 100.000 մարդու վրա:
2015-ին հեղեղումների հետևանքով մահացել են տասնյակ մարդիկ, բնակավայրերից զրկվել է առնվազն 103.000 մարդ: