Լատվիայում քրեականացվել է արտերկրում զինվորական ծառայության անցնելը
Լատվիայի կառավարությունը հաստատել է Քրեական օրենսգրքում մտցված ուղղումները, որոնք նախատեսում են ազատազրկում արտասահմանյան երկրների բանակներում և հատուկ ծառայություններում ծառայելու համար, բացառությամբ ԵՄ և ՆԱՏՕ երկրների: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Delfi.lv պորտալին:
Օրինագծի համաձայն` երկրի քաղաքացի չհանդիսացող անձանց արգելվում է ծառայել օտարերկրյա բանակներում և մասնակցել ռազմական գործողություններին արտերկրում, իսկ Լատվիայի քաղաքացիներին օտարերկրյա պետությունների զինված ուժերում ծառայություն անցնելու համար անհրաժեշտ է ստանալ կառավարության թույլտվությունը: Արգելքը խախտողներին սպառնում է քրեական գործ և 4 տարի ժամկետով ազատազրկում:
Նշվում է, որ մինչև 2017 թվականի հունվարի մեկն օտարերկրյա զորամասերում ծառայություն սկսած անձանց հանդեպ նոր օրենքը կիրառվելու է 2018 թվականի հունվարի մեկից:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուղղումների միջոցով նախագծվում է նվազեցնել Լատվիայի ներքին անվտանգությանը սպառնացող ռիսկերը, որոնք «կարող են կապված լինել երրորդ երկրներում ռազմական փորձի ձեռքբերմամբ և ուղղված լինել երկրի շահերի դեմ»: