Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք (թարմացվում է)
21.31
Ելույթ ունեցավ նաև «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ ներկայիս Սահմանադրությունը պետք է փոխվի։
«Այդ Սահմանադրությունը պետք է փոխի հենց ժողովուրդը, հենց այս հրապարակում»,- ասաց նա` նշելով, որ մենք այլ ճանապարհ չունենք:
Նա հիշեց «Սասնա ծռերին» սնունդ տարած Արթուր Սարգսյանի մասին և հիշեցրեց, որ այսօր նրա ծննդյան օրն է, շնորհավորեց նրան՝ ասելով, որ նրա տեսակը պետք է ամեն օր ծնվի:
Նշենք, որ հանրահավաքին պետք է մասնակցելու գար նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ազատ էր արձակել երեկ: Ավելի ուշ նա զանգել, զգուշացրել էր, որ իրեն վատ է զգում, չի կարող գալ:
21.18
Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց հերթական հանրահավաքը: Ելույթ են ունենում տարբեր քաղաքացիներ, որոնք սատարում են «Սասնա ծռեր» խմբավորմանը: Ելույթ ունեցավ Գայանե Գասպարյանը:
Նա խոսեց երկրում առկա տարբեր խնդիրներից, անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին կյանքում տեղի ունեցող իրադարձություններին:
«Չկան Հայաստանի համար բարեկամներ, կան թշնամիներ»,- ասաց նա՝ մեղադրելով Ռուսաստանին, որ գնացել է մեր թշնամու մոտ: Ըստ նրա՝ այդ հանդիպման պատճառով հնարավոր է` մենք կորուստներ ունենանք:
Նա նշեց, որ իրեն առաջարկում են կուսակցության անդամ դառնալ, սակայն նա մերժել է՝ համարելով, որ իր կուսակցությունն իր ազգն է: «Պաշտոնյա լինելը նշանակում է վարկաբեկված լինել»,- ասաց նա:
Գայանե Գասպարյանը նշեց, որ այլ երկրից է (Հոլանդիա) եկել Հայաստան, հիմա էլ ցանկանում է այստեղ մնալ, ապրել և զգալ այս երկրի էներգետիկան: