Թուրքիայում 10 օտարերկրացի է ձերբակալվել՝ հեղաշրջման փորձի գործի շրջանակում
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկրում հեղաշրջման փորձի կապակցությամբ ձերբակալվել է 10 արտասահմանցի, փոխանցում է Reuters գործակալությունը:
Պաշտոնյան, սակայն, չի նշել ձերբակալվածների քաղաքացիությունը:
Բացի այդ, նա հայտնել է, որ 216 թուրք զինվորականներ դեռևս գտնվում են հետախուզման մեջ` երկրում հեղաշրջման փորձի գործի շրջանակում: Նրանց թվում են 9 գեներալներ և 30 ժանդարմներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Ավելի քան 13 հազ մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու գործի հետաքննության շրջանակում: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: