Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց
Այսօր՝ ժամը 15.00-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Քրեակատարողական վարչության լրատվության բաժնի ղեկավար Գոռ Ղլեչյանը։
Նշենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ փոխվել է Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը և կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:
Հիշեցնենք, որ Ալեք Ենիգոմշյանը հուլիսի 30-ին կալանավորվել էր երկու ամսով: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ նա բերման էր ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու կասկածվում է օժանդակելու մեջ։