5 կղզի, որ պետք է այցելել նախքան դրանց անհետանալը (լուսանկարներ)
Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ ծովի մակարդակի բարձրացման, բնական միջավայրի էրոզիայի և աղտոտման հետևանքով որոշ զբոսաշրջային կղզիներ կարող են անհետանալ Երկրի երեսից: Այս մասին գրում է Tech Insider-ը` ներկայացնելով այն հիասքանչ վայրերը, որոնք պետք է այցելել, նախքան դրանց անհետանալը:
5. Մալդիվներ
Հնդկական օվկիանոսում գտնվող Մալդիվները կազմված են 1190 կղզիներից, որոնք հարուստ են պարզ ջրերով ու սպիտակ ավազե ափերով, ինչպես նաև շքեղ առողջարանային համալիրներով ու ծղոտե խրճիթներով: Կղզիները գտնվում են ծովի մակարդակից մի քանի մետր բարձրության վրա, և գիտնականների կանխատեսումներով` ծովի մակարդակի բարձրացման հետևանքով կղզիները կարող են ջրի տակ անցնել առաջիկա 100 տարում:
4. Սեյշելներ
Սեյշելները 115 կղզիներից բաղկացած կղզեխումբ է, որոնք հիացնում են գեղեցիկ ժայռերով, սաղարթախիտ ջունգլիներով, բյուրեղյա պարզության ջրերով և հինգ աստղանի հյուրանոցներով: Աֆրիկայի արևելյան ափերին տեղակայված կղզիների անհետացումը որոշ մասնագետներ կանխատեսում են 50 տարուց:
3. Կիրիբատի
Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գտնվող այս կղզին առաջատար վայր է ձկնորսության, թռչունների դիտման և սերֆինգի սիրահարների համար: Կլիմայական կանխատեսումների համաձայն` 33 կղզիներից բաղկացած տարածքը կարող է ջրի տակն անցնել դարավերջին:
2. Գալապագոսներ
Այս հրաբխային արշիպելագը հարուստ է էնդեմիկ և ինքնատիպ բնաշխարհով` ծովառյուծներ, հազվագյուտ պինգվիններ, հսկա կրիաներ, որոնց կենսագոյությանը սպառնում են մի շարք գործոններ` աղտոտվածությունը, կլիմայական փոփոխությունները:
1. Սողոմոնյան կղզիներ
Անցյալ ամիս Սողոմոնյան անմարդաբնակ կղզիներից 5-ը ջրի տակն են անցել, ևս 6-ը ծովի տակ հայտնվելու վտանգի առաջ են կանգնած: 900 կղզիներից բաղկացած միապետությունը գտնվում է Պապուա Նոր Գվինեայի արևելքում և դեռ շարունակում է դայվինգի, սերֆինգի և խաղաղ բնության հազարավոր սիրահարների գրավել: