ԱՄՆ-ն է միակ գերհզոր տերությունը. Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է, որ ԱՄՆ-ն միակ գերհզոր տերությունն է:
«Ամերիկան մեծ տերություն է: Այսօր, երևի թե, միակ գերտերությունը: Մենք դա հասկանում ենք: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք աշխատել Միացյալ Նահանգների հետ», - Ռուսաստանի ղեկավարի խոսքը մեջբերում է РБК-ն:
ՌԴ նախագահի խոսքով` և՛ Ռուսաստանին, և՛ ողջ աշխարհին «անհրաժեշտ է նման հզոր երկիր»: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանին պետք չէ, որ ԱՄՆ-ն «մշտապես միջամտի իր գործերին և մատնանշի, թե ինչպես է պետք ապրել ու խոչընդոտի Եվրոպայի հետ հարաբերություններ կառուցելուն»:
Խոսելով ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունների, հակառուսական պատժամիջոցների և դրանց պատասխան էմբարգոների մասին` Պուտինն ընդգծել է, որ սահմանափակումներն ու պատժամիջոցները որևէ կերպ չեն առնչվում ԱՄՆ-ի հետ և անդրադառնում են միայն եվրոպական երկրներին: