Աշխարհում 34-րդ երկիրն ենք, որ ունենք միջազգային չափանիշներին համապատասխան փրկարարներ. Հայկարամ Մխիթարյան
Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացվեց կառավարության կողմից ներկայացված «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու և վարչական խախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի հիմնական զեկուցողն է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մտքերի փոխանակման ժամանակ նշեց, որ մի շարք ծրագրերի հետ կապված ԱԻՆ-ը համագործակցում է ՄԱԿ-ի զարգացման գործակալության, Ճապոնիայի, Եվրոպայի հանձնաժողովի մարդասիրության գրասենյակների, և վերջերս էլ ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի աղետների ռիսկերի գնահատման ծրագրին, ապա հարցրեց. «Այս առումով ուզում եմ իմանալ ի՞նչ աշխատանքներ են արվել այս հարցում և գնահատվա՞ծ են արդյոք ՀՀ տարածքում աղետների, ռիսկերի դեմ ուղղված աշխատանքների ծավալները»:
Փոխնախարարն ասաց, որ բավականին աշխատանքներ կատարվել են և կատարվելու են: Նա հայտնեց, որ Հայաստանն աշխարհում 34-րդ երկիրն է, որ ունի միջազգային չափանիշներին համապատասխան փրկարարներ:
«Եթե նախկինում փրկարարական աշխատանքներ ներմուծող երկիր էինք, ապա այսօր դարձել ենք արտահանող երկիր, դրան հասնելու համար մեծ է եղել միջազգային գործընկերների դերը»,-ասաց նա:
Հայկարամ Մխիթարյանն աղետների ու ռիսկերի զսպման մեխանիզմների վերաբերյալ ասաց, որ բազմաբնույթ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ և նշեց. «Միայն 2 տարի առաջ ճապոնական մեր գործընկերների հետ շուրջ 2,5 տարվա ընթացքում համագործակցության արդյունքում կարողացանք գնահատել ողջ Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկը, այսօրվա դրությամբ ՀՀ-ում շուրջ 15 քաղաքից ավելի գնահատված է սեյսմիկ ռիսկը, ընթանում են աշխատանքներ այլ քաղաքների ու բնակավայրերի հետ կապված սեյսմիկ ռիսկի գնահատման համար»: