Մեր խիղճը մաքուր է Ադրբեջանում Գրան պրիի անցկացման կապակցությամբ. Formula 1-ի գլխավոր տնօրեն
«Ֆորմուլա-1» մրցարշավի գործադիր տնօրեն Բեռնի Էքլսթոնը պնդում է, որ իրենց խիղճը «100 տոկոսով» մաքուր է՝ չնայած Բաքվում մրցարշավի անցկացման պատճառով հնչող քննադատություններին, գրում է The Guardian-ը:
Մի շարք խմբեր, որոնցից վերջինը եղել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, կոչ են արել F1-ին հրապարակային դիրքորոշում հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
««Ֆորմուլա-1»-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը և հրապարակային կոչ անի Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել մարդու իրավունքների նկատմամբ բռնաճնշումները»,- ասված է եղել կազմակերպության հայտարարությունում:
Երբ 85-ամյա Էքլսթոնին հարցրել են, թե արդյոք «Ֆորմուլա-1»-ի խիղճը մաքո՞ւր է կիրակի օրը Բաքվի փողոցներում մեկնարկող Գրան պրիից առաջ, նա պատասխանել է. «Բացարձակապես, 100 տոկոսով»:
Ինչպես նշում է The Guardian-ը, օրեր առաջ «Ֆորմուլա-1»-ի առաջատար պաշտոնյաները հանդիպել են Sport for Rights իրավապաշտպան խմբին, որը կոչ է արել Էքլսթոնին խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և կոչ անել ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Այո՛, մենք այդ հարցն իհարկե լուրջ ենք ընդունում։ Մենք նամակագրության մեջ ենք եղել, և մեզ վստահեցրել են, որ նրանք ուսումնասիրում են այս բոլոր հարցերը»,- ասել է մրցարշավի գործադիր տնօրենը։
«Ինչ վերաբերում է մեզ, որ չպետք է անցկացնենք մրցարշավներ այն երկրներում, որտեղ կոռուպցիա կա՝ կարո՞ղ եք ասել, թե որտեղ պետք է մրցարշավներ ունենանք»,- հավելել է նա։