Ռուսաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հաստատմամբ. Պուտին
Ռուսաստանը շահագրգռված է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության հաստատմամբ, և այդ ուղղությամբ առաջին քայլը կարող էր դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ներկայացուցիչների միջև մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրի և ներդրումների շուրջ փորձագիտական մակարդակով երկխոսությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն:
«Որպես առաջին քայլ՝ կարելի էր վերսկսել տեխնիկական մակարդակով հարցերի լայն շրջանակի շուրջ փորձագետների միջև երկխոսությունը: Դա առևտուրն է, ներդրումները, տեխնիկական կարգավորումները, մաքսային վարչարարությունը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:
«Այդկերպ, մենք կկարողանանք հետագա համագործակցության և փոխգործակցության համար հիմք ստեղծել»,- հավելել է ՌԴ նախագահը:
Եվրասիական տնտեսական միության անդամ են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը։