Ագիլերան նոր երգի վաճառքից ստացված գումարը կփոխանցի Օռլանդոյի հրաձգության զոհերի ընտանիքներին (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան հայտարարել է, որ իր նոր Change երգի վաճառքից ստացված ողջ գումարը փոխանցելու է Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին ու զոհերի ընտանիքներին:
Ինչպես հայտնում է billboard.com-ը, երգչուհին պատմել է, որ նոր երգը նվիրել է Pulse միասեռականների ակումբում Օմար Մատինի կողմից իրականացված սպանդի զոհերի հիշատակին:
«Սարսափելի ողբերգությունը, որը տեղի է ունեցել Օռլանդոյում, չի անցնում մտքիցս: Ես աղոթում եմ զոհերի ու նրանց ընտանիքների համար և իմ սերն եմ ուղարկում նրանց: Ուրիշների պես ես էլ եմ ցանկանում իմ մասնակցությունն ունենալ այս աշխարհը փոխելու ու այն ազատ սիրո համար գեղեցիկ վայրի վերածելու գործին»,-գրել է երգչուհին Instagram-ի իր էջում:
Ագիլերան iTunes-ում իր սինգլի վաճառքի հանվելուց հետո առաջին 3 ամսվա ընթացքում ստացված գումարը փոխանցելու է Կարեկցության ազգային հիմնադրամին, որն օգնում է Օռլանդոյի ահաբեկչության զոհերի ու տուժածների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետևանքով զոհվել է 50 մարդ: