ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողովի նախապատրաստմանը
ԵԱՀԿ-ն չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպման նախապատրաստմանը, հայտնում է ТАСС-ը:
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պարտականությունները կատարող Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանությունից և չի պատասխանել հանդիպման անցկացման հնարավոր ամսաթվի մասին հարցին:
«ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողովի կազմակերպման գործում, և մենք չենք կարող այն մեկնաբանել»,- ասել է նա՝ հավելելով. «Որքանով մենք գիտենք՝ այն հրավիրվել է ՌԴ նախաձեռնությամբ: Դուք պետք է այդկերպ ձեր հարցերն ուղղեք Ռուսաստանի իշխանություններին»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որին կհետևի եռակողմ հանդիպումը` Ղարաբաղի հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Հունիսի 20-ին Պետերբուրգում ծրագրվում է եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջ։ Ենթադրվում է, որ սկզբում Պուտինն առանձին-առանձին կհանդիպի Սարգսյանի և Ալիևի հետ, իսկ հետո երեք նախագահները միասին բանակցություններ կվարեն»,-ասել է Ուշակովը: