Կառավարությունը դեմ է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Է. Վարդանյանի ու Ս. Մարգարյանի նախագծին
Կառավարությունը չի պատրաստվում հավանություն տալ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Էլինար Վարդանյանի ու Ստեփան Մարգարյանի նախագծին՝ որոշ վերապահումներով:
Նախագծով, առաջարկվում է զինծառայողին տալ պահովագրական գումար՝
ա) առաջին խմբի հաշմանդամներին՝ 500 000 դրամ,
բ) երկրորդ խմբի հաշմանդամներին՝ 400 000 դրամ,
գ) երրորդ խմբի հաշմանդամներին՝ 300 000 դրամ։
Միաժամանակ, այս դեպքում անձը, զինվորական կենսաթոշակից բացի, ձեռք է բերում համապատասխան ամենամսյա պարգևավճարի իրավունք, որի չափը, ըստ հաշմանդամության խմբերի, կազմում է 55000 դրամ, 48000 դրամ և 36000 դրամ:
Կառավարության ներկայացրած եզրակացության մեջ կա առարկություն: Մասնավորապես. «Հարկ է նաև նկատի ունենալ, որ նախագծով նախատեսվում է ապահովագրական գումար ստանալու իրավունք սահմանել միայն 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններ են տեղի ունեցել նաև նախկինում՝ 1988-94 թվականներին, ինչպես նաև դրանից հետո՝ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, որոնց մասնակիցներն այլևս զինվորական ծառայության մեջ չեն: Չի բացառվում նաև ապագայում նման մարտական գործողությունների հնարավորությունը, որոնց մասնակիցները սակայն չեն օգտվի խնդրո առարկա երաշխիքից»:
Կառավարությունը գտնում է, որ նախագծում հստակեցման կարիք ունի «պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն» եզրույթը և խնդրո առարկան՝ ապահովագրությունը 3 տարի ժամկետով սահմանելու հանգամանքը:
Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ ապահովագրության հիմքում ընկած է ապահովագրական պատահարը (այն դեպքը կամ իրադարձությունը, որը տեղի ունենալու հետևանքով առաջանում է ապահովագրական գումարը ստանալու իրավունքը), այնինչ, ներկայացվող նախագծում, ըստ էության, որպես ապահովագրական դեպք դիտարկվում է մարտական գործողություններին մասնակցելը, ինչն ինքնին չի կարող հատուցում ստանալու իրավունք առաջացնել:
«Արդյունքում` օրենքով ապահովագրական գումարը, ըստ էության, վերածվում է մարտական գործողությունների մասնակիցներին տրամադրվող դրամական նպաստների, ինչն ընդհանուր ոչինչ չունի ապահովագրության հետ»,- գրված է եզրակացության մեջ: