Իտալիայում բացվել է Դա Վինչիի գյուտերին նվիրված բացառիկ մուլտիմեդիական թանգարան (լուսանկարներ)
Իտալական Վիջևանո քաղաքում բացվել է բացառիկ մուլտիմեդիա թանգարան, որը նվիրված է միջնադարի հանճարներից մեկի` Լեոնարդո դա Վինչիի գյուտերին:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, Leonardiana թանգարանը գտնվում է այն դղյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ կանգ է առել Դա Վինչին:
Թանգարանի նպատակն է այցելուներին հնարավորություն տալ կատարել բացառիկ ճամփորդություն տաղանդաշատ իտալացու անցած կյանքի ու ստեղծագործական ուղիներով:
Մասնագետները կիրառել են նորարարական գրաֆիկական ու մուլտիմեդիական տեխնոլոգիական լուծումներ, որոնք ավելի դիտարժեն են դարձնում ցուցանմուշները:
Աղբյուրը նկատում է, որ Leonardiana-ն աշխարհում միակ թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել մարդկության մեծագույն հանճարներից մեկի բոլոր գյուտերն ու աշխատանքները: Դա հնարավոր է դարձել հնագույն ձեռագրերի մուլտիմեդիական կրկնօրինակների հավաքածուի շնորհիվ: Ցուցանմուշներից ամեն մեկին կից կա բացատրական տեքստ, որը պատմում է տվյալ գյուտի ծագման պատմությունն ու շատ այլ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում դրա վերաբերյալ:
Նշվում է, որ ցուցանմուշներից յուրաքանչյուրի օրիգինալ տարբերակը տեսնելու համար այցելուները ստիպված կլինեին այցելել տասնյակ թանգարաններ, հարյուրավոր գրադարանային արխիվներ, որոնցից շատերը հասանելի չեն սովորական մարդկանց համար: