Ուզում եք հարկային հավասար դաշտ մտցնեք՝ անդրադարձեք բոլոր տեղերը. Հակոբ Հակոբյան
18 տարի է՝ Ազգային ժողովում եմ և չի եղել Հարկային օրենսգրքի որևէ փոփոխություն, որ գործարար աշխարհային մոտ կանգնած մեկը դեմ քվեարկի: Այս մասին Ազգային ժողովում «Հարկային օրենսգրքի» նախագծի վերաբերյալ իր ելույթում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Լավ, այս օրենսգրքով մեր աղքատությունը կշատանա՞, թե կփոքրանա՞»,-հարց բարձրացրեց նա և նշեց, տնտեսության երեք տոկոս աճը մեկ տոկոս աղքատության կրճատում է նշանակում: Պատգամավորն ասաց, որ վերջերս նկատում են, որ սպառումը պակասում է, և ինչպե՞ս են հարկային բեռն ավելացնում սպառման նվազման պարագայում: «Կան հարկ տվողներ օրենքով, և կան հարկ տվողներ փաստացի»,-նշեց նա:
Հակոբ Հակոբյանն անդրադարձավ ՊԵԿ-ի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանի զեկուցմանը, նա ասաց.«Երբ պարոն Միրումյան հիմնավորում եք, և ճիշտ եք հիմնավորում, որ 115 հազար ավելացրած արժեքի արտոնությունների դեպքում շուկայում անհավասարություն է ստեղծվում, ապա իմ հարցը հետևյալն է, արդյո՞ք այդ անհավասարությունը, որ գտել եք այստեղ, ուրիշ տեղեր չկան՞, որ չեք անդրադառնում»: Նա նշեց, որ ամենամեծ անհավասարությունը քառասուն տոկոս գնային տարբերությամբ սկսվում է սահմանի վրա, երբ նույն ապրանքը մեկի համար կարող է հսկիչ գին դառնալ՝ գին պլյուս քսան տոկոս, մյուսի համար՝ գին մինուս քսան տոկոս:
«Երբ խոսում եք անհավասարության մասին, և ուզում եք հարկային հավասար դաշտ մտցնեք, ապա անդրադարձեք բոլոր տեղերը: Մենք ուզում ենք, որ ՀՀ պետական բյուջեն ավել եկամուտներ մտնի, փող վերցնում են աշխատող մարդուց: Ուզում եք քամեք, ուզում եք մի քամեք, բայց փողը պետք է վերցնել աշխատող մարդուց։ Եթե ուզում եք աշխատող մարդիկ շատ լինեն օրենսգրքի խնդիրն է, պետք է լինի հավասարություն, չաշխատող մարդը հարկ չի տալիս: Օրենսգրքի հիմնական նպատակը պետք է լինի՝ շատացնել աշխատող մարդուն»,-ասաց նա և նշեց, որ այս նախագիծը նման խնդիր չի լուծում:
Պատգամավորը նաև հարց բարձրացեց, թե ինչու հարկատուին չեն հարգում. «Չի լինի՞դուք գնաք աշխատեք, մենք գանք հարկային»։
Ինչ վերաբերում է վարչարարությանը, ապա նա կոչ արեց ստուգումները թեթևացնել, քանի որ ամեն ինչ հսկողության տակ է: «Մարդկանց պարզ ասենք, սա քոնն է, սա մերն է»,-հավելեց հանձնաժողովի նախագահը: