Գրանիտից տապանաքար կդնենք տնտեսության վրա, կգրենք՝վախճանվեց անփառունակ մահով. Ն. Զոհրաբյանը Հարկային օրենսգրքի ընդունման մասին
ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կարծում է, որ ներկայացված նախագիծը ոչնչացնելու է ՀՀ տնտեսությունը:
Նա նշեց, որ Հարկային օրենսգիրքը մինչ խորհրդարան մտնելը պետք է քննարկվեր ոլորտի շահառուների հետ: Խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ Կառավարությունը շրջահայաց կլինի, և այս կերպ նախագիծ չի ընդունի: «Հակառակ դեպքում գրանիտից տապանաքար կպատվիրենք և կդնենք ՀՀ տնտեսության վրա և կգրենք՝ վախճանվեց անփառունակ մահով»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս նախագծի նպատակը՝ հարկերը մինչև վերջ քամելն է: «Կոռուպցիայի դեմ «սրբազան պայքար» էիք հայտարարել, հիմա մենք կարո՞ղ ենք ընդունել, որ այդ տարբերակն այլևս անարդյունավետ է: Պայքարեք ստվերի և կոռուպցիայի դեմ և այդ կերպ ավելացրեք հարկերը, էդ ի՞նչ է` կարող է կոռուպցիան անորսալի Ջոնն է ու տեղը չգիտեք, կամ մենաշնորհներն են անորսալի Ջոն, որ չենք կարողանում Հայաստանի մոնոպոլիստներին գտնեք և գնում եք այս անընդունելի տարբերակով»,-ասաց նա և նշեց, որ իշխանությունները շատ լավ գիտեն կոռուպցիոներների, մենաշնորհների և հարկերը շրջանցողների տեղը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ այս օրենսգրքում կան նաև միջազգային շահառուներ, մասնավորապես, Համաշխարհային բանկը, քանի որ վարկատու դոնոր կազմակերպությունները մտահոգություն ունեն՝ ՀՀ վարկունակության առումով:
«Բացի այն, որ սա ոչնչացնում է մեր փոքր բիզնեսը, նաև հարց է առաջանում, թե ինչո՞ւ ավիատոմսերի գումարները չեն մտնում մեր բյուջե: Պատճառն այն է, որ մեր քաղաքացիները գերադասում են Վրաստանից թռչել, գնալ եվրոպական երկրներ հանգստանալու»,- հավելեց նա: